Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Տիգրան Համասյանի մենահամերգը բարձրաճաշակ երաժշտություն ունկնդրելու ևս մի առիթ է հայ հանդիսատեսի համար

Տիգրան Համասյանի մենահամերգը բարձրաճաշակ երաժշտություն ունկնդրելու ևս մի առիթ է հայ հանդիսատեսի համար
04.03.2014 | 21:23

Հայաստանյան հանդիսատեսը մարտի 6-ին հնարավորություն ունի վայելելու վիրտուոզ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

2009 թվականից հայաստանցի հանդիսատեսին ծանոթ երաժիշտը բազմաթիվ պատկառելի մրցանակների դափնեկիր է, ճանաչված ու սիրված ամբողջ աշխարհում: «Գարդիան» պարբերականը նրան համեմատել է Բարտոկի հետ` նշելով, որ Բարտոկի պես նա իր հայրենիքի հնագույն ժողովրդական երաժշտությունը խառնում է և դարձնում բարդ մոդեռն կատարումներ: Համեմատել է նաև Լիստի հետ, ում նման Տիգրանը գրում է դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործություններ: Համեմատել է Քեյթ Ջարեթի հետ, որի նման Տիգրանն իմպրովիզացիաներ է անում ավետարանական թեմաների մեղեդիներով ու ինքն էլ երգում:
Հիրավի, Տիգրան Համասյանն իր արվեստը գերազանցապես ծառայեցնում է հայ երաժշտական գոհարները, ինչպես և հայ մշակութային այլ շերտերում ամբարված գանձերը (բանաստեղծություն, առակ, բանահյուսության այլ նմուշներ) յուրովի մատուցելու և համաշխարհային լսարանին հասու դարձնելու բարձր նպատակին, ինչն առավել սիրելի և կարևոր է դարձնում նրա ստեղծագործական գործունեությունը հայերիս համար:
Համերգից առաջ Տիգրանի հետ ունեցած կարճ հեռախոսազրույցի ընթացքում հարցրի, թե ո՞ր հանդիսատեսի առջև ելույթ ունենալիս է նա իրեն առավել հարմարավետ զգում` հայաստանյա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ եվրոպական:
«Ամեն բան կախված է այն մթնոլորտից, որը տիրում է դահլիճում,- պատասխանեց Տիգրան Համասյանը:- Բոլոր հանդիսատեսներն էլ ինձ համար հաճելի են: Բայց հայաստանյան հանդիսատեսն առանձնահատուկ է, շատ ջերմ հանդիսատես է և, իհարկե, ես ինձ չափազանց լավ եմ զգում Հայաստանում ունեցած համերգների ժամանակ»:
Տիգրան Համասյանի մենահամերգը կազմակերպել է «TM prօduction» կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրեն Թովմաս Մարտիրոսյանի հետ համերգից առաջ ունեցած մեր ճեպազրույցի ընթացքում տեղեկացանք, որ Տիգրան Համասյանի համերգի ողջ հասույթը կծառայի կազմակերպության նախաձեռնած` «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագծի երրորդ ալբոմի թողարկմանը: Արմեն Բաբախանյանի հետ իրականացվող այս նախագծի շրջանակներում է կայացել նաև Տիգրան Համասյանի նախորդ երևանյան համերգը: Նախագիծը նպատակ ունի կրկնակի ձայնասկավառակների ձևով թողարկել ութսուն ալբոմ, որոնք կներկայացնեն հայ դաշնամուրային երաժշտության ողջ ժառանգությունը` Տիգրան Չուխաջյանից մինչև մեր օրերը:
«Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագիծը շատ բարդ, ծավալուն, ծախսատար աշխատանք է: Այս ալբոմները կոչված չեն շահույթ բերելու, այլ նպատակ ունեն փրկել, համակարգել և ամփոփ տեսքով մատուցել հայ դաշնամուրային երաժշտությունը: Այս աշխատանքը հնարավոր կլինի ավարտել երեք-չորս տարվա ընթացքում:
Արդեն թողարկվել է երկու ալբոմ: Նախապատրաստվող երրորդ ալբոմում կընդգրկվեն Եկմալյանի և Կոմիտասի գործերը:
Առաջին ալբոմի թողարկումը հովանավորել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Երկրորդը մասնակի ֆինանսավորել է մշակույթի նախարությունը:
«Այն կարծիքը, թե այսօր որպես հայկական երգարվեստ, հայկական երաժշտություն քարոզվող ցածրորակ երաժշտությունը բխում է ժողովրդի պահանջարկից, միանգամայն սխալ է: Այնպես չէ, որ ժողովուրդը դրա կարիքն ունի: Պարզապես ժողովրդին դա է մատուցվում: Մատուցվում է այն մարդկանց կողմից, ում մակարդակն ավելիին չի ձգում: Իսկ մեր փորձը վկայում է, որ եթե մատուցվում է բարձրարժեք երաժշտություն, մարդիկ մեծ ոգևորությամբ գալիս են այն լսելու: Ասվածի վկայությունը Հասմիկ Պապյանի մասնակցությամբ վերջին երկու համերգներն էին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Տիգրանի նախորդ համերգը և այս համերգի նկատմամբ եղած հետաքրքրությունը: Սրանք վառ ապացույցներն են այն բանի, որ մեր ժողովուրդը, իրոք կարոտ է լավ երաժշտության: Նույնիսկ չենք էլ խոսում բարձրաճաշակ երաժշտության մասին, այլ ընդամենը լավ երաժշտության` մաքուր, կենդանի հնչողությամբ, առանց ֆոնոգրամաների և չակերտավոր աստղիկների»,- ասում է Թովմաս Մարտիրոսյանը:
Համերգից երկու օր առաջ, հետևելով Տիգրան Համասյանի համերգի տոմսերի սպառման ընթացքին, արդեն իսկ կարելի է վստահ լինել, որ մեր արվեստասեր ժողովուրդը գիտակցում է բարձրարժեք երաժշտության հարգը:
Նշենք, որ շնորհակալ առաքելություն ստանձնած «TM prօduction» կազմակերպությունն ընդամենը հինգ տարվա պատմություն ունի: Սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է իրականացնել բազմաթիվ ծրագրեր` ներկայացնելով Ջիվան Գասպարյանի, Մարինե Ալեսի, Վահագն Հայրապետյանի, Տիգրան Համասյանի, Միքայել Պողոսյանի, «Դորիանս», «EMPYRAY» ռոք խմբերի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, այլոց արվեստը:
Հավելեմ, որ այս հրապարակումը պատրաստելիս ես աշխատում էի Թովմաս Մարտիրոսյանի նվիրած` «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիայի» առաջին ալբոմում ընդգրկված Տիգրան Չուխաջյանի և Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործությունների հնչյունների ներքո, ու առարկայորեն զգացի, թե որքան դրական կարող է լինել շուրջդ տիրող մթնոլորտը, երբ այն պարուրված է իսկապես բարձրաճաշակ երաժշտության ոգեշնչող տրամադրությամբ:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ